Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայլովային քաղբանտարկյալ է ճանաչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջ անական Contact.az-ը: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Իսմայլովան ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: Amnesty International-ը կոչ է արել Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին դիմում գրել պետությանը' պահանջելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել լրագրողին:
Կազմակերպությունը կրկին պահանջել է երկրի իշխանություններից ապահովել ազատ կամարտահայտման իրավունքը' համաձայն միջազգային պարտավորությունների: Այն քննադատել է նաև պաշտոնական Բաքվին' Իսմայլովայի գործի պաշտպանությունից փաստաբան Խալիդ Բագիրովին հեռացնելու համար:
Amnesty International կազմակերպության տվայլներով' Ադրբեջանում այս պահին կա 23 քաղբանտարկյալ:
Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Խադիջա Իսմայլովային երկրի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելու): Սակայն լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները' կատարվածը կապելով իր լրագրողական գործունեության հետ:
Արդեն երկար տարիներ Իսմայլովան ուսումնասիրում է ալիևյան կլանի կոռումպացված բիզնեսը: Այն բանից հետո, ինչ Ադրբեջանում ձերբակալվեցին մեծ թվով իրավապաշտպաններ, լրագրողը մասնակցում էր նրանց ցուցակները կազմելու աշխատանքներին, միջազգային հանրությանը շարունակաբար տեղեկացնում էր մարդու իրավունքների խախտումների մասին, օգնում էր քաղբանտարյալների ընտանիքներին: