Ադրբեջանում խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու շինծու մեղադրանքներով հոկտեմբերի 30-ին 25 օրով ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող եւ «Ադրբեջանի ժամ» ինտերնետ-հեռուստաալիքի պրոդյուսեր Խալիդ Գարաեւը, ինչով քաղաքացիական հասարակության վրա աննախադեպ ճնշման ֆոնին նոր հարված է հասցվել Ադրբեջանի անկախ ԶԼՄ-ներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի քանի միջազգային կազմակերպություններ անմիջապես հանդես են եկել Գարաեւին ազատ արձակելու պահանջով: Համատեղ հայտարարության մեջ Article 19, «Լրագրողների եվրոպական դաշնություն», Freedom House, «Գրաքննության ինդեքս», «ԶԼՄ-ների միջազգային աջակցություն», «ԶԼՄ-ների բազմազանության ինստիտուտ», «Լրագրողներ առանց սահմանների» եւ «Թերթերի ու նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպությունները պահանջել են ազատ արձակել Գարաեւին եւ վերջ դնել Ադրբեջանում այլախոհների հետապնդումներին:

 

Ինքը' Գարաեւը եւ նրա փաստաբանն ադրբեջանական իշխանություններին մեղադրել են շինծու մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ինչով նպատակ է հետապնդվում պատժել լրագրողին' նրա մասնագիտական գործունեության համար:

 

«Ազադլըգ» թերթն ու «Ադրբեջանի ժամ» հեռուստաալիքը վաղուց են ճնշման ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ նրանց աշխատակիցները արդեն մի քանի անգամ ազատազրկման են դատապարտվել:

 

Վերջինը կալանավորվել էր «Ադրբեջանի ժամ» ծրագրի վարողներից Սեյմուր Հազին: Նրան մեղադրել են խուլիգանության մեջ եւ ձերբակալել օգոստոսի 29-ին: Այժմ նրան 7 տարվա ազատազրկում է սպասվում: Նրա գործընկեր Նաթիգ Ադիլովը հարկադրված լքել է Ադրբեջանն այն բանից հետո, որբ օգոստոսին շինծու մեադրանքներով ձերբակալել են նրա եղբայր Մուրադին: