Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը քննադատել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա շարունակվող ճնշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
«Չնայած Ադրբեջանի իշխանություններին, այդ թվում և երկրի նախագահին ուղղված իմ բազմաթիվ կոչերին, որոնք առնչվում էին լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների ճնշումներին, հետապնդումներին և սպառնալիքներին, նման դեպքերը շարունակվում են: Ես հորդորում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր զրկվել են ազատությունից սեփական կարծիքն արտահայտելու, խաղաղ հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու իրենց իրավունքից օգտվելու պատճառով»,- նշել է ՄԱԿ-ի հանձնակատարը:
Անդրադառնալով ադրբեջանցի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովային 7,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը' ալ-Հուսեյնը նշել է, որ սա երկրում անկախ ձայնի լռեցման վերջին օրինակներից է: «Ադրբեջանական իշխանություններն արդեն բանտարկել են մի շարք այլ լրագրողների և իրավապաշտպանների ևս, ինչպես Լեյլա և Արիֆ Յունուսները, Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին և Ռասուլ Ջաֆարովը: Մարդու իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի գրասենյակն անհանգստացնող տեղեկություններ է ստանում այս ձերբակալվածներից ոմանց առողջական վիճակի վատացման վերաբերյալ: Ես կոչ եմ անում իշխանություններին ազատ արձակել հիվանդ բանտարկյալներին' մարդասիրական արժեքներից ելնելով»,- ասել է ՄԱԿ-ի հանձնակատարը: