Ավսրտալացի խորհրդարանական Ջոն Ալեքսանդրը խորհրդարանում Ադրբեջանին խստորեն քննադատող ելույթ է ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Ալեքսանդրը հայտնել է, որ Ավստրալիայում գտնվող ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամ Խանլար Ֆաթիևի հետ հանդիպմ ան ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ:

 

 

«Ադրբեջանցի պատգամավոր Ֆաթիևի հետ հանդիպման ժամանակ ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ: Ադրբեջանը նախորդ տարիներին շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել զրահամեքենաների և զինամթերքի գնման վրա, ինչն անհնար է դարձնում տարածաշրջանում խաղաղության ցանկացած ձգտում»,- նշել է Ջոն Ալեքսանդրը:

 

 

Նա խոսել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի մասին' նշելով, որ հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարում կարևոր է ահազանգել մարդու իրավունքների ոտնահարումների և հետապնդումների մասին, ինչպես նաև հորդորել Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները և քաղաքական ազատությունը: