Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն իր վրդովմունքն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահը հայտարարությամբ է հանդես եկել' նշելով, որ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական կառավարության ագրեսիայի ևս մեկ օրինակ է: «Սա ցուցում է նրանց բռնի գործողությունների սրացման մասին, որն էլ շարունակում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Այլևս կասկած չկա, որ Նախագահ Օբաման պետք է քայլեր ձեռնարկի հետ պահելու Ադրբեջանին նման բռնի ագրեսիայից և ցույց դա մեր հանձնառությունը խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է կոնգրեսականը:
Փալոնեն կոչ է արել Բարաք Օբամային պաշտոնապես դատապարտել այս մահացու հարձակումը և դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: ԱՄՆ օրենսդիրը նշել է նաև Ազատության աջակցման ակտի 907-րդ դրույթն ամրապնդելու անհրաժեշտության մասին, որով կսահմանափակվի Ադրբեջանին հատկացվող օգնությունը' հիմնված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիայի վրա: «Ժամանակն է, որ Նախագահը և Կոնգրեսը երաշխավորեն, որ ամերիկյան օրենքը կրկին պատասխանատվության կանչի Ադրբեջանին իր բռնի գործողությունների համար:
Մահացածների ընտանիքները և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիները մշտապես իմ մտքերում են ու աղոթքներում»,- ընդգծել է կոնգրեսականը: