ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցի հանձնախումբը ջանքեր է գործադրում դադարեցնելու Ադրբեջանին տրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տրված հարցազրույցում ասել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնը: «Այս ժամանակահատվածում, երբ ընդունվում են բյուջետային օրինագծերը, մենք փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին, ավելի մեծ օգնության տրամադրմանը: Մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական աջակցություն Ադրբեջանին կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը չպետք է աջակցի Ադրբեջանին»,- նշել է Ֆրանկ Փալոնը:

 

Կոնգրեսականի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի առկայության պայմաններում ադրբեջանական ուժերը հաճախ հատում են բաժանարար գիծը և բախումներ հրահրում: «Մենք ցանկանում ենք նպաստել կողմերի միջև փոխվստահության հաստատմանն ու մեծացմանը և ճակատագծում լարվածության թուլացմանը, որպեսզի վստահություն ունենանք, որ նման գործելակերպ այլևս չի շարունակվի: Միայն այդ պայմաններում մենք կտեսնենք կարգավորման հեռանկարներ», - նշել է Փալոնը: Հայկական հարցի հանձնախմբի համանախագահը հույս է հայտնել, որ Մինսկի խմբի միջոցով Ղարաբաղը հնարավորություն կստանա անկախանալու կամ դառնալու Հայաստանի մի մաս:

 

Այդ նպատակով կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախումբը Ղարաբաղի անկախության օրը սովորաբար միջոցառումներ է ձեռնարկում՝ ուղղված Ղարաբաղի ճանաչմանը' որպես անկախ ինքնիշխան պետություն: