ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:
«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի մեծացնել ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:
«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը:
Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: Կոնգրեսականները նաև խնդրում են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև: