Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին և հորդորել Վրաստանի իշխանություններին հետաքննել կատարված միջադեպը: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«Մուխտարլին գնացել էր Վրաստան ապահովություն փնտրելու, բայց ինչպես երևում է՝ նա բավականաչափ հեռու չի եղել Ադրբեջանի կառավարության ճանկերից: Վրաստանի կառավարությունը ևս կիսում է նրա ճակատագրի ողջ պատասխանատվությունը և պետք է հստակեցնի իր դերակատարությունը նրա անօրինական կալանավորման ու հետ վերադարձի հարցում»,- նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան:
Նա լրագրողի առևանգումը խարդախ քայլ է անվանել՝ նշելով, որ ոչ ոք չի հավատա, թե Մուխտարլին ինքնակամ է փորձել մուտք գործել Ադրբեջան, որտեղից հետապնդումների համար ստիպված էր եղել հեռանալ:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերենով: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ արդեն ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներենով: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:
Լրագրողի փաստաբանն արդեն հանդիպել է նրան և փաստել, որ քթի և ճակատի հատվածում երևում են ծեծի հետքերը, աչքերի տակ կապտուկներ են: Աֆղանն ասել է, որ կրծքավանդակում ուժեղ ցավեր ունի, կարծում է, որ կողի կոտրվածք է ստացել:
Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը:
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: