Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հրապարակել է զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կազմակերպության պաշտոնական կայքը, զեկույցի հեղինակները կոչ են արել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանն ուշադրություն դարձնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադա րձություններին: Զեկույցում մասնավորապես շեշտադրված է այն փաստը, որ իրավախախտումները հատկապես ուժգնացել են ԵԽ արտգործնախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահելու շրջանում:

 

«Ադրբեջանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է իրավապաշտպաններին և իշխանությունների մյուս քննադատներին ճնշելու քաղաքականություն և դրանով իսկ անարգանք է դրսևորում ԵԽ առաջ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ »,- նշել է Հարավային Կովկասում HRW-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան:

 

Զեկույցում նշվում է, որ վերջին 2,5 տարվա ընթացքում Ադրբեջանը սպառնացել կամ անհիմն կերպով բանտարկել է առնվազն 50 անկախ և ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների, բլոգերների, լրագրողների ու իրավապաշտպանների: Ադրբեջանական օրենսդրությունն անգամ հարմարացվել է այնպես, որ զգալիորեն սահամափակվեն հասարակական կազմակերպությունների գործողությունները:

 

Զեկույցը, ի թիվս այլ քաղբանտարկյալների, անդրադարձել է նաև նրանց, ովքեր իրենց պատիժը կրում են զուտ այն պատճառով, որ փորձել են զարկ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ժողովրդական դիվանագիտությանը: