Human Rights Watch կազմակերպությունը Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած նախագահության ավարտի կապակցությամբ հանդես է եկել զեկույցով եւ համարել, որ այս ընթացքում Ադրբեջանում շատացել են ռեպրեսիաները հատկապես ընդդեմ մարդու իրավունքների եւ ազատ խոսքի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կազմակերպության փորձագետ Գիորգի Գոգիայի ներկայացմամբ, ԵԽ նախագահության 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը շեշտում էր, որ կողմ է արտահայտվում երիտասարդ քաղաքական գործիչների առաջընթացին, միաժամանակ, իր երկրում երիտասարդ ակտիվիստները բանտարկվում էին:

 

«Ադրբեջանի նախագահության ընթացքում անցկացվել է բարձր մակարդակի քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ միաժամանակ Ադրբեջանի առաջավոր փաստաբաններից մեկը ձերբակալվել է կասկածելի հարկային խնդիրների պատճառով: Երբ նախագան Իլհամ Ալիեւն այցելեց Ստրասբուրգ, ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենց երկրում մարդու իրավունքների ոլորտում որեւէ խնդիր չկա եւ բոլոր նրանց, ովքեր հակառակն էին պնդում, անվանեց ստախոսներ»,- գրում է Գոգիան' հավելելով, թե սարսափելին այն է, որ ԵԽ նախագահության վեց ամսվա ընթացքում Ադրբեջանո ւմ ռեպրեսիաներն ավելի ուժեղ բնույթ ստացան, եւ մի քանի տասնյակ մարդիկ ձերբակալվեցին:

 

«Նրանց թվում են իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը, նրա ամուսինը' պատմաբան Արիֆ Յունուսը, Ռասուլ Ջաֆարովն ու Ինդիհամ Ալիեւը: Նրանք չորսն էլ գտնվում են նախնական կալանքի տակ կեղծ մեղադրանքներով: Ադրբեջանի իշխանությունները նաեւ օրենքում սահմանափակումներ են մտցրել, որոնց պատճառով հասարակական կազմակերպությունները չեն կարողանում ֆինանսավորում ստանալ, եւ այդ կերպ նրանց ստիպում են լռել: ԵԽ-ում Ադրբեջանի նախագահության օրոք այդ երկիրն արժանացավ լուրջ քննադատությունների' մարդու իրավունքների խախտումների համար»,- եզրափակում է Գոգիան' առաջ արկելով, որ ԵԽ ղեկավարությունն ամենախիստ մեթոդներով դատապարտի Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները: