Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը անդրադարձել է Ադրբեջանից Հոլանդիա հեռացած քաղաքական ակտիվիստ Օրդուխան Տեյմուխանի ընտանիքի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող ճնշումներին:
Այս մասին հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունն այս ճնշումների վերաբերյալ հայտարարություն է հրապարակել:
46-ամյա Օրդուխան Տեյմուխանը հայտնի է իր վիդեոբլոգում Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ տարածած քննադատական հայտարարություններով և ելույթներով:
«Փետրվարի 18-ին Օրդուխան Տեյմուխանին զանգել է Ադրբեջանական ոստիկանության մի աշխատակից և տեղեկացրել, որ նրա 12 հարազատները գտնվում են ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը հարազատների դրության և ոստիկանությունում հայտնվելու մեջ մեղադրել է ակտիվիստին և պահանջել այլևս հանդես չգալ իշխանությունների դեմ: Տեյմուխանը ձայնագրել է ոստիկանի խոսակցությունը և հրապարակել: Հրապարակումից հետո հարազատների մի մասը ազատ է արձակվել, իսկ եղբայրը, եղբորորդին դեռևս պահվում են ոստիկանությունում և նրանց նկատմամբ նշանակվել է 30 օրվա ազատազրկում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Human Rights Watch-ը հայտնել է, որ բլոգեր-ակտիվիստի հարազատների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սրանից առաջ էլ են ճնշումներ իրականացրել:
Կազմակերպության հայտարարության մեջ նշված է նաև, որ Ադրբեջանում լայն տարածում ունի ընդդիմադիր գործունեություն ծավալած, ապա իշխանության ճնշումների պատճառով երկիրը լքած գործիչների հարազատներին ճնշումների ենթարկելու պրակտիկան:
Human Rights Watch-ը Ադրբեջանին իշխանություններին կոչ է արել դադարեցնել արտերկրում ապաստան գտած քաղաքական ակտիվիստների ընտանիքներին ճնշելու, այդպիսով խոսքի ազատությունը սահմանափակելու գործողություններին:
Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը քննադատել է ընդդիմադիրների խոսքի ազատությունը սահմանափակելու համար և կոչ է արել Ադրբեջանին հետևել միջազգային հանրության և կազմակերպությունների հորդորներին' քայլեր ձեռնարկել երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին վերջ տալու ուղղությամբ:
Human Rights Watch-ը 2017-ի հունվարի 12-ին հրապարակել էր մարդու իրավունքների վերաբերյալ 2016-ի ամփոփիչ զեկույցը, որում տեղ էր գտել նաև Ադրբեջանը:
Զեկույցում ասվում էր, որ Ադրբեջանում 2016-ին խոսքի ազատության, երբեմնի կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակության դրությունը ավելի է վատթարացել, իշխանություններին քննադատող անձինք ձերբակալվել և տարբեր խոշտանգումների ու ճնշումների են ենթարկվել:
Ադրբեջանում ընդունված սահմանափակող օրենքները գրեթե անհնար են դարձնում հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Ձերբակալվածներին առաջադրվում են թմրանյութեր պահելու եւ օգտագործելու, խուլիգանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և բազմաթիվ այլ շինծու մեղադրանքներ, սակայն ձերբակալությունների իրական դրդապատճառները քաղաքական են: