Human Rights Watch (HRW) կազմակերպությունը հրապարակել է 2012 թվականին աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ իր տարեկան հաշվետվությունը: Այն թվով 23-րդ զեկույցն է, դրանում խոսք է գնում 2012 թվականին աշխարհի ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների մասին: Զեկույցում մեծ ուշադրություն է հատկացված «Արաբական գարնանից» հետո այն վերապրած երկրներում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակին:
Զեկույցը բաղկացած է 655 էջից, որի 392-397 էջերում խոսք է գնում Հայաստանում մարդու իրավունքների մասին: Հայաստանի հետ կապված՝ անդրադարձ է կատարված 2012 թվականի մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, որում հաղթեց իշխող կուսակցությունը: Դրանք ուղեկցվեցին վարչական խախտումներով, ընտրողներին, դիտորդներին, լրագրողներին ահաբեկելով:
ԵԱՀԿ-ն անցկացրած դիտարկման արդյունքներով հայտարարեց, որ ընտրությունները մրցակցային և հիմնականում հանգիստ էին, սակայն մթագնվել են «խաղի անհավասար պայմանների» պատճառով: Գրանցվել են քվեարկություններին միջամտության, լրագրողական գործունեությանը խոչընդոտման, վարչական ռեսուրսի սխալ օգտագործման, իշխանությունների և տեղական մարմինների կողմից ընտրողների վրա ճնշումների բանեցման դեպքեր: Նախընտրական կամպանիայի ժամանակ մի շարք լուրջ միջադեպեր են գրանցվել Երևանում:
Տեղի իրավապաշտպանների խոսքերով՝ պահպանվում են ոստիկանության կոշտ պահվածքը և կտտանքները, ակտիվիստներին շարունակում են ծեծի ենթարկել: Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննել կոշտ վերաբերմունքի այդպիսի դեպքերը: Քաղաքական շարժառիթներով զրպարտիչ հայցերն արդեն սովորական են թվում: Ցածր է դատական համակարգի հանդեպ վստահությունը, երկրում առկա է կոռուպցիա:
Հայաստանի կառավարությունը բանակում ծառայել հրաժարվողներին դեռ չի առաջարկել իրական այլընտրանքային զինվորական ծառայություն և չի կարողացել արդյունավետորեն հետաքննել բանակում ոչ մարտական կորուստների մտահոգիչ քանակը: Տեղի իրավապաշտպանների խոսքերով՝ նախորդ տարի ոչ մարտական կորուստների քանակը կազմել է 44: 2012 թվականին դատարանն ազատազրկել է 16 Եհովայի վկայի, ովքեր հրաժարվել են ծառայել բանակում:
ԶԼՄ-ներին չի բավականացնում այլակարծությունը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լուսաբանող մի շարք լրագրողներ հարձակումների են ենթարկվել, որոնց մի մասն իրականացրել են Հայաստանի իշխող կուսակցության անդամները:
Լուրջ խնդիր է հարուցում սեռական այլ կողմնորոշում ունեցողների հանդեպ բռնություններն ու խտրականությունը, ինչը դրսևորվում է աշխատանքում, բանակում, հասարակությունում, ընտանիքում, առողջապահական ոլորտում:
Խնդիրներ կան առողջապահական ոլորտում, դեղերի առաքման հարցում ստեղծված են խոչընդոտներ: ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով 2009-2010 թվականներին Հայաստանում տարեկան մոտ 7000 մարդ է մահացել քաղցկեղից ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: