Լիբիայի հյուսիսում գտնվող նավահանգստային Դեռնա քաղաքն ամբողջությամբ գտնվում է ջիհադիստների վերահսկողության տակ, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմնակիցներ են: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:

 

Իսլամիստները Դեռնայում հաստատել են «ահաբեկչության տիրապետություն», ասվում է միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունում:

 

Իրավապաշտպանների տվյալներով՝ ջիհադիստները սպառնում են տեղի բնակիչներին հրապարակային մահապատիժներով և մտրակի հարվածներով։ Քաղաքից փախած մարդիկ պատմել են իրավապաշտպաններին երեք սպանության, երեք գլխատման և մտրակով հարվածելու առնվազն տասը դեպքի մասին:

 

Բացի այդ, հաղորդվում է ոստիկանների և դատական պաշտոնյանների տասնյակ սպանությունների մասին: Հաղորդվում է նաև, որ հանցագործություններն իրականացրել է, առաջին հերթին «Իսլամի երիտասարդական խորհուրդ» խմբավորումը, որը բաղկացած է Մուամմար Քադաֆիի ռեժիմի դեմ հանդես եկած նախկին ապստամբներից: Հոկտեմբերի վերջին այս խմբավորման գրոհայինները երդում էին տվել «Իսլամական պետությանը»: