Փարիզի Էյֆելյան աշտարակը և Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները մարտի 22-ի երեկոյան լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով՝ սև, դեղին և կարմիր, ի նշան Բելգիայի հետ համերաշխության, որը ենթարկվել է ահաբեկչական գերոհների:

 

Համանման գույներով են լուսավորվել նաև «Բուրջ Խալիֆա» 828-մետրանոց երկնաքերը Դուբայում և թագավորական պալատն Ամստերդամում:

 

Բելգիայի դրոշի գույներով կլուսավորվի նաև Առևտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը Նյու Յորքում: Համապատասխան կարգադրությունն արել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն: Նաև խոնարհված է դրոշը Սպիտակ տան վրա Վաշինգտոնում:

 

Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Դրա հետևանքով զոհվել է 34 մարդ: Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունի զոհ է դարձել 20 մարդ, ևս 14-ն սպանվել է օդանավակայանում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով, օդանավակայան, որը գտնվում է Բելգիայի մայրաքաղաքի մերձակա Զավենտեմ քաղաքում:

 

Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ է հայտարարված: