Պարզվում է՝ Հայաստանում իշխանափոխություն անելը կրկնակի հեշտացել է, եթե նախկինում դրա համար մոտ 60-80 հազար մարդ էր անհրաժեշտ, որպեսզի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակարեպվեին, ապա այսօր` 30-40 հազար մարդն էլ բավական է. սա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ և «Նոր Հայաստանի» անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է, որը նա հայտնել է լրատվամիջոցներից մեկին:
Այսինքն, ամեն ինչ կա, ամեն ինչ լավ է, իշխանափոխությունն էլ «5 պակաս» վիճակում է, մնում է այդ 40 հազար մարդը հավաքվի: Ու այստեղ է, որ ամեն ինչ վերջանում է դեռ չսկսված. ի՞նչ 40 հազար, երբ ընդդիմության միջոցառումներին այսօր նույնիսկ 40 մարդ չի հավաքվում, եթե հավաքվում էլ է, ապա հավաքվածների առնվազն կեսը ոստիկաններն են լինում, մի մասն էլ՝ լրագրողները...
Նորից խուսափելով իրականությունից, մեր ընդդիմադիր գործիչները դիմում են ֆանտազիայի ժանրին, ստեղծում պատրանքներ՝ չկարողանալով կատարել նույնիսկ պարզ հաշվարկներ. այո’, մինչև 2013-ը միգուցե հնարավոր էր լավ կազմակերպելու դեպքում 40 հազար մարդու հավաքել մի տեղ, սակայն, 2013-ի ձախողումից հետո այդ թիվը գնալով նվազեց, 40 հազարից դարձավ 4000, 4000-ից՝ 400, 400-ից՝ 40 և այդպես շարունակ...
30-40 հազարից ու նման թվերից խոսելուց առաջ ընդդիմադիրներն ավելի լավ կլիներ մտածեին, վերլուծեին, փորձեին հասկանալ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իրենք նվազեցին այնքան, որ այլևս նվազելու տեղ չունեն: Իսկ մինչ մեր ընդդիմադիրները կմտածեն այդ մասին, ես միանգամից կտամ այդ հարցի պատասխանը՝ 40 հազար դարձավ 40 ու ավելի քիչ հենց նույն ընդդիմադիրների «ջանքերով», նրանց բազմաթիվ ու իրար հաջորդող ձախողումների արդյունքում:
Այնպես որ, եթե Արմեն Մարտիրոսյանի ասածը ճիշտ է, և Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ է հավաքել 30-40 հազար մարդ, ապա միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինի, շանսեր չկան:
Կարեն Վարդանյան