Դոնի Ռոստովում օրերս աղետի ենթարկված ինքնաթիռի հրամանատարը բարձրություն հավաքելու պահին անջատել է ավտոպիլոտը, ինչից հետո ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը և աղետի է ենթարկվել: «Вести» հեռուստաալիքը հրապարակել է օդաչուների՝ վերջին վայրկյանների բանակցությունների վերծանման տվյալները:

 

Լրագրողները փորձել են վերստեղծել տեղի ունեցածի պատկերը:

 

«Հավաքում ենք 50»,- ասում են օդաչուները: Ենթադրաբար, դա կարող էր նշանակել 1500 մ էշելոն գնալ: Հետո Boeing-ը բարձրանում է 15 աստիճան անկյան տակ, բարձրության հավաքումը 40 վայրկյան շարունակվում է ավտոմատ վիճակում:

 

Լրագրողների վարկածով՝ չհասնելով էշելոնին, հրամանատարն անջատել է ավտոպիլոտը, ինչից հետո օդանավն ընկել է ցած։

 

Միաժամանակ, խցիկում հնչող վերջին բառերը եղել են. «Մի՛ անհանգստացիր, ձգի՛ր»։

 

Հեռուստաալիքը նշում է, որ անհասկանալի է մնում, թե ինչու է պիկի ռեժիմում միացել կայունացուցիչը: Ըստ լրագրողների՝ օդաչուն կարող էր պատահաբար դիպչել դրա փոխարկիչին և դա չնկատել հոգնածության պատճառով:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում 2016թ. մարտի 19-ին վթարի էր ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: