ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օրեր առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց ստեղծելու որոշման մասին: Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է՝ քաղաքական դպրոց հիմնելու գործընթացն այդքան հեշտ չէ, ինչպես թվում է:
«Քաղաքական դպրոցներն առաջին անգամ կյանք են մտել դեռևս 1800-ական թվականներից Եվրոպայում, երբ սկսվեցին ձևավորվել կուսակցությունները։ Իրենց գաղափարախոսությունները տարածելու տարբերակներից էր քաղաքական դպրոցների հիմնումը։ Սակայն դա միայն կուսակցական գաղափարախոսությունը տարածելու համար չէր, այլ՝ քաղաքական գործիչներ պատրաստելու։ Խորհրդային տարիներին էլ ստեղծվեցին քաղաքական դպրոցներ, հասարակական գիտությունների ակադեմիա ստեղծվեց և այլն։ Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ կան ազատ ընտրություններ, քաղաքական գործընթացները բարձր մակարդակի վրա են, բազմաթիվ կուսակցություններ իրենց քաղաքական դպրոցները հիմնում են։ Քաղաքական դպրոցներ ստեղծելը բավական բարդ պրոցես է, ֆինանսական առումով՝ ևս»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պայմաններում ավելի բարդ է ստեղծել քաղաքական դպրոց, քանի որ կա մասնագետների պակաս. «Այնպես չէ, որ ՀՀԿ-ի պատգամավորները պետք է գան, իրենց գիտելիքները ներկայացնեն։ Այնտեղ պետք է հատուկ կուրսեր ներկայացվեն։ Վերջին 25 տարվա ընթացքում նման կուրսեր դասավանդող դասախոսների 95 տոկոսն արտագաղթել են։ Այս քաղաքական դպրոցը հասարակության համար չի ստեղծվում, այլ Հանրապետական կուսակցության համար, երիտասարդների շրջանում իրենց գաղափարախոսությունը տարածելու համար։ Պարտադիր չէ, որ այնտեղ սովորեն միայն ՀՀԿ-ի անդամատոմս ունեցողները»,- հավելեց Արմեն Բադալյանը։