«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ չնայած Մասիսում քաղաքապետի առաջիկա ընտրությունները կլինեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, սակայն նախընտրական խժդժություններն արդեն սկսվել են և թեժ պայքար են խոստանում։ Ըստ թերթի՝ այս պահի դրությամբ խոսվում է 3 թեկնածուի մասին՝ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի, «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդու և Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Սևակ Ավոյանի մասին, ով սերտ հարաբերություններ ունի ՀՀԿ վերնախավի հետ։
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, արդեն իսկ խոսվում է քաղաքապետի աթոռի հնարավոր հավակնորդների մասին։ Դուք 5-րդ անգամ առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։
- Ես 2004 թվականից Հանրապետական կուսակցության շրջանային խորհրդի նախագահն եմ։ Դա կուսակցությունը պետք է որոշի, թե ով ինչ կանի։ Այո, ես ուզում եմ առաջադրվել, բայց պետք է սպասել, թե կուսակցությունն ինչ կորոշի։ Ներողություն արտահայտությանս համար, բայց մարդիկ ջուրը չտեսած՝ ոտները հանում են։ Ում մասին խոսում են, իրենք էլ են Հանրապետական կուսակցության անդամներ։
- Կուսակցությունից չե՞ք նեղանա, եթե Ձեզ չպաշտպանեն։
- Միանշանակ՝ ոչ։ Ես իրավունք չունեմ նեղանալու։ Ես մտածում եմ այլ ձևով և ճիշտ եմ մտածում։ Ես ինքս կուսակցական եմ և պետք է ենթարկվեմ իմ կուսակցությանը։
- Իսկ Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն պետք է հենց Ձեզ սատարի և Ձեր թեկնածությունը պաշտպանի։
- Ես արած ունեմ հա՛մ կուսակցության համար, հա՛մ ժողովրդի։ Դրա համար ես մտածելու բան չունեմ։ Ես 4 անգամ ընտրվել եմ։ Ժողովուրդը երբեք չորս անգամ մի մարդու չի ընտրի, եթե այդ մարդն արած չունենա։
- Քաղաքապետի մյուս հավանական թեկնածուների հետ հարաբերություններն ինչպե՞ս են, լարվածություն կա՞։
- Մյուս թեկնածուները մեր եղբայրներն են, մեր ընկերներն են, ոչ մի լարվածություն չկա և չի էլ կարող լինել։
Քրիստինա Աղալարյան