Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:

«Մենք դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին: Մեր դաշինքն ենք բացում, որով էլ մինչև վերջ գնալու ենք. որևիցե քաղաքական ուժի հետ մեզ պետք չէ կապել»,- նշեց Մխիթար Վարագյանը՝ հերքելով տարածված այն լուրերը, թե ինքը հանդես է գալու ՔՊ ցուցակով:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում իր շանսերը ՏԻՄ ընտրություններին, քաղաքապետը պատասխանեց, որ եթե շանսեր չունենար իր թեկնածությունը չէր առաջադրի. «Եթե գնում եմ ընտրության, ապա վստահ եմ՝ շանսեր ունեմ: Յուրաքանչյուր թեկնածու էլ իր շանսը նորմալ է գնահատում, այդ պատճառով էլ մասնակցում է ընտրություններին: Ժողովուրդն է որոշողը, թե որքան ձայն տա ինձ: Սա ՏԻՄ ընտրություն է և այստեղ ժողովուրդն է ընտրելու, որքանով որ ես գիտեմ, մեզ մոտ իշխանությունը ժողովրդինն է, որն էլ կորոշի, թե ով կհաղթի այս ընտրություններում»,- ասաց Մխիթար Վարագյանը՝ ընդգծելով, որ առջևում թեժ մրցակցություն է սպավում:

Հարցին, թե արդյոք վայելում է Արթիկ քաղաքի բնակիչների սերն ու հարգանքը, քաղաքապետը խուսափեց հստակ պատասխանել այդ հարցին՝ նշելով՝ ժողովրդից էլ հարցրեք:

Իսկ դաշինքի անվան և կարգախոսի մասին Մխիթար Վարագյանը նախընտրեց լռել, ասաց, որ շատ շուտով հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: ՏԻՄ համամասնական ընտրությունները Արթիկում կանցկացվեն դեկտեմբերի 5-ին։