Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
«Համագործակցում եմ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ և առաջիկա ընտրություններին աջակցելու եմ այս քաղաքական ուժին, քանի որ կարծում եմ՝ նա ցանկանում է ծառայել հայրենիքին», -նշեց նա:
ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վերջին օրերին տարածված տեղեկությունները, ըստ որոնց՝ իր և Տիգրան Ուրիխանյանի ճանապարհները բաժանվել են, ի պատասխան` Աբրահամյանն ասաց. «Տիգրան Ուրիխանյանն այս պահին այստեղ է, ինչը խոսում է հակառակի մասին: Գիտեք՝ ինչ ասեք ասում են, հենց դա է խնդիրը: Եթե այդպիսի բան լինի` այդ մասին կա′մ ես, կա′մ նա կհայտնեինք: Մենք միմյանց հետ խնդիր չունենք»,- վստահեցրեց Աբրահամյանը:
Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ ձևով է աջակցելու «Ալյանս» կուսակցությանը, Աբրահամյանն ասաց` աջակցելու է իր ծրագրերով, իր հնարավորություններն է ներդնելու, որպեսզի երկիրը դուրս բերեն ստեղծված իրավիճակից:
Նա ընդգծեց՝ քաղաքական հավակնություններ չունի, Հայաստանում է խղճից և հայրենիքին ու ժողովրդին օգնելու ցանկությունից դրդված:
Մանրամասները՝ տեսանյութում