Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի «Յուվենթուսի» ղեկավարների հետ՝ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
Նշվում է, որ Ռայոլան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել իտալական գրանդի ղեկավարների հետ հանդիպումը: Ըստ իտալական թերթի՝ «Յուվենթուսի» մարզաբազայում Ռայոլան ողջունել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, հանդիպել մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ: Ռայոլան և Պարատիչին խոսել են Մխիթարյանի մասին: «Թուրինյան կողմը հաստատել է Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ Ռայոլան իր հերթին հաստատել է ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը, սակայն նշել, որ խնդիրը «Բորուսիան» է, որը չի ցանկանում հրաժարվել Մխիթարյանից»,- գրում է Gazzetta dello Sport-ը: