Հունվարի 24-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն անհապաղ և համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ ԵՄ խորհրդի նախօրեին կայացված որոշումը։