Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված էր մի նախագիծ, որով առաջարկվում է նոր կարգ՝ մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու նպատակով կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիազորելու կամ այդ նյութերի հրապարակման նպատակով դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունների մասին:
Որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն՝ նշվում է, որ այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նիստից հետո Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ է այն, որ հայաստանյան պոլիկլինիկաներում կրծքի կաթին փոխարինող կաթնախառնուրդներից խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես երկու տեսակ՝ HIPP և Humana, քանի որ դրանք ներմուծվում են Սամվել Ալեքսանյանին և Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունների կողմից, նախարարն ասաց. «Որևիցե բրենդային խնդիր չէի ուզենա մեկնաբանել, և կառավարության այսօրվա որոշումով սննդի բոլոր փոխարինիչների վերաբերյալ ուսուցողական և լրատվական բոլոր նյութերը կարգավորվելու են առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի որևիցե տեսակի ոչ մասնագիտական պարզաբանումները»:
Արմեն Մուրադյանը հրաժարվեց մեկնաբանելուց այդ երկու ապրանքատեսակի վերաբերյալ այլ հարցեր՝ հորդորելով հարցումը գրավոր ուղարկել. «Այդ առթիվ ընկերությունների վերաբերյալ ոչ մի պարզաբանում չեմ տա, բրենդային ոչ մի ապրանքատեսակ չեմ պարզաբանի: Դիմեք գրավոր, մենք ձեզ կպատասխանենք,- ասաց նախարարը: