Երկրապահ կամավորականների միության կազմած կամավորական խմբերն արդեն առաջնագծում են: Մարտական հենակետեր մեկնելու դիմում են ներկայացրել հազարավորները: Այս մասին տեղեկանում ենք ԵԿՄ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից:
Արդեն իսկ բոլոր մարտական հենակետերում կան երկրապահ կամավորականներ, երկրապահներ կան նաև սահմանային զորամասերում, բավական մեծ թվով երկրապահներ էլ իրենց հերթին են սպասում Ստեփանակերտում:
Քանի որ արդեն իսկ բավական մեծ ռեզերվ կա, այս պահին դեպի Արցախ նոր խմբեր չեն գործուղվում, սակայն, մեծ թափով շարունակվում է կամավորականների ցուցակագրումը:
Երկրապահի կենտրոնական շտաբ և տեղական շտաբեր են դիմում հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք, երիտասարդ աղջիկներ, ուսանողներ, նույնիսկ արտերկրից ժամանածներ կան, որ առաջնագիծ մեկնելու դիմումներ են ներկայացնում:
Առանձին հայտարարություններով առաջնագիծ մեկնելու ցանկություն են հայտնել նաև ԵԿՄ արտերկրի ներկայացուցչությունները:
Նախօրեին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Կատարվել է սահմանային իրավիճակի վերլուծություն, որի հիմնա վրա կայացվել են համապատասխան որոշումներ: Ըստ այդմ՝ կատարվել է երկրապահական վաշտերի բաշխումն ըստ հենակետերի: