ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, ՌԴ կառավարության ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ:
Մեդվեդևն ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման խիստ անհրաժեշտությունը և քաղաքական կարգավորման գործընթացի հնարավորինս արագ վերսկսման կարևորությունը: ՌԴ վարչապետը հաստատել է, որ, ըստ նախնական պայմանավորվածության, 2016թ-ի ապրիլի 7-8-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
«Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը: Այցի ավարտին' 2016թ-ի ապրիլի 8-ին, Դմիտրի Մեդվեդևը կայցելի Ադրբեջան»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում նախագահող Ղազախստանի առաջարկը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելու մասին առաջարկը: