Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիրքերի վերադասավորությունն այնպիսին է, ինչպիսին եղել է ապրիլի 1-ի դրությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Չկան կորցված հենակետեր, մարտավարական առումով բոլորը կրակի եւ նախաձեռնողական գործողությունների վերահսկողության ներքո են գտնվում ՊԲ-ի կողմից: Վերահսկողությունը պաշտպանության բանակի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկելի է»,- ասաց նախարարը
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանը նախ ասաց, որ գլուխ է խոնարհում զոհված զինծառայողների, նրանց հարազատների առջեւ եւ ուշադրության կենտրոնում են պահում անհետ կորածների, զոհվածների եւ վիրավորվածների հարցերը: «Մեր խնդիրն է այսօր վերադարձվող վիրավորներին արագ ապաքինումը: Մենք եղել ենք շատ բուժհիմնարկներում, որտեղ զինվորներն այդ վիրավոր վիճակում ասում են՝ մեզ շուտ ոտքի կանգնեցրեք, մենք գնանք գոնե փամփուշտներ լիցքավորենք, մեր զինվորների կողքին կանգնենք եւ մեր երկիրը պահպանենք: Իհարկե, նաեւ մե ր խնդիրներից մեկն է, որ կարողանանք անհայտ կորածների հարցը լուծել: Գիտեք, որ ես անհայտ կորածների, պատանդների, գերիների հանձնաժողովի նախագահն եմ, համապատասխան աշխատանք տանում ենք: Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տարվում, բայց կարծում եմ՝ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեր համար հեշտ կլինի նաեւ պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու՝ փոխանակելու առումով: Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց նաեւ, որ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքի հարցը միշտ բարձրաձայնում են, արտահայտում են իրենց մտահոգությունները: «Մեր զինծառայողները պատրաստ են յուրաքանչյուր զինատեսակի դեմ պայքարելու եւ արժանի պատասխան տալու, մանավանդ, որ այսօր ունենք այն ճշգրիտ, գերճշգրիտ հեռահար միջոցները, որը մենք օգտագործելու ենք անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար»,- նշեց նա:
Արձագանքելով ադրբեջանական զինված ուժերի ղեկավարության այն սպառնալիքներին, որ կարող են գնդակոծել Ստեփանակերտը, նախարարը հիշեցրեց ԼՂՀ ՊԲ-ի հայտարարությունները՝ թող փորձեն: «Մենք բոլորս պետք է համապատասխան աշխատանք տանենք, որպեսզի հանգենք այնպիսի իրավիճակի, որ արձագանքները թիրախային լինեն, արձագանքների, պատասխանների, առաջարկությունների, ենթադրությունների մեջ թիրախավորված լինի այն կողմը, որը խախտել է գոյություն ունեցող պայմանագիրը, բերել է զինված դիմակայության այս իրականությանը, եւ դեռ ավելին՝ ոճրագործություն եւ հանցագործություններ է կատարում: Այդ դեպքում բոլորը պետք է նաեւ խախտող կողմին, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկեն: Կարծում եմ, որ մեր այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանք տանում է»,- ասաց Սեյրան Օհանյանը: