Հայ հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում առաջին անգամ հյուրընկալված Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար (փոխնախարար) Սուջատա Մեհտան այցելեց նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն: ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տիկին Մեհտային ներկայացրեց հնդկական C-DAC ընկերության հետ համատեղ գրեթե 4 տարի իրականացվող Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը հնդկական ընկերության ամենահաջողված ծրագրերից է տարածաշրջանում: Ենգիբարյանը հանդիպմանը նշեց, որ ՁԻՀ հետ իրականացված չորսամյա համագործակցության դրական արդյունքները հաշվի առնելով, նախատեսվում է ընդլայնել գործունեության շրջանակը և իրականացնել նոր ծրագրեր՝ մասնավորապես.

 

Զարգացնել և խթանել նոր կրթական ծրագրերը՝ Big data, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ (ԲԱՀՀ), դասախոսների վերապատրաստումների ուղղությամբ


Ստեղծել հայ-հնդկական հետազոտողների համատեղ խումբ՝ համապատասխան խնդիրների և ուղղությունների քննարկման համար


Հիմնել բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկների կենտրոն և նախաձեռնել համապատասխան գիտելիքների փոխանցման ծրագրեր՝ գերհամա-կարգչով աշխատելու մասնագիտական ռեսուրս ստեղծելու նպատակով:


Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար (փոխնախարար) Սուջատա Մեհտան էլ իր հերթին դրական գնահատելով համագործակցության արդյունքները, համոզմունք հայտնեց, որ պետք է խորացնել գործնական կապերը ՏՀՏ ոլորտում:

«Կարծում եմ գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և պետք է էլ ավելի խթանենք մեր հարաբերությունները»,շեշտեց Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը:

 

Այցելությանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ անդամներ, ԵՊՀ ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

 

 

 

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը: