Ես կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն է դիմել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանք-պահանջով։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

 

«Ե՛վ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Բաքուն կատարեցին Պուտինի խնդրանք-պահանջը, և հիմա իբր թե ռազմական գործողություններ չեն լինում: Բայց իրավիճակը շփման գծում բավական լարված է, ադրբեջանական կողմը կրկին փորձել է դիվերսիա կատարել։ Հիմա պարզ չէ, թե բանակցություններն ինչ ֆորմատով են լինելու, նոր փաստաթուղթ ստորագրվելու է, թե չէ»,- ասաց Համբարյանը։ Վերջինս կարևորեց, որ այս բանակցություններում Արցախը պետք է որպես բանակցային կողմ հանդես գա, ինչպես եղել է 1994 թվականին։

 

«Պետք է նշեմ, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելը մեր իշխանությունների սխալը եղավ։ Չգիտես ինչու՝ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ իրենք պետք է ներկայացնեն Ղարաբաղը, որը շատ կոպիտ սխալ էր։ Դրանից օգտվեց Ադրբեջանը։ Մենք երկար տարիներ է՝ փորձում ենք Արցախին վերադարձնել իր տեղը, որը եղել է 1994 թվականին։ Ես դրական կհամարեմ այն, որ կվերականգնվի այն անարդարությունը, որը կատարվեց Արցախի հանդեպ»,- մանրամասնեց Գագիկ Համբարյանը:

 

Մեր զրուցակցի խոսքով՝ այս բանակցություններում Ռուսաստանն ամենաառաջինն իր շահն է առաջ տանում. «Ես պետք է նշեմ, որ դա ոչ մի դրական բան չի բերի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին։ Ինչ ուզում է լինի, ամեն գերտերություն, տարածաշրջանում մեծ շահեր ունեցող երկիր ամենաառաջինն իր շահերից է հանդես գալու։ Ռուսական կողմը պաշտոնական Բաքվին համոզելու է, որ զինադադարի վերահաստատումից հետո Ադրբեջանը շատ տարածքներ չի կորցնելու։ Նույն բանն ասելու են մեր կողմին։ Միևնույն ժամանակ երկուսից էլ պահանջելու են ռազմական գործողություններ չսկսել։ Դրանով, կարելի է ասել, Ռուսաստանի դերը Մինսկի խմբում ավելի է մեծանում։ Ես չեմ կարող ասել, թե սրա հետևանքներն ինչ են լինելու»։

 

Համբարյանը փաստեց, որ մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, այս պարագայում իրեն ոչ կոռեկտ պահեց։ «Հայաստանի իշխանություններն ու հասարակությունն ավելի կոնկրետ քայլերի էր սպասում»,- եզրափակեց իր խոսքը Գագիկ Համբարյանը։