Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության և բռնության բռնկումները պարբերաբար տեղի են ունեցել վերջին 22 տարիների ընթացքում՝ այն պահից ի վեր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են հրադադարի մասին: Երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Սակայն, հակամարտության նոր սրացումը, որը տեղի է ունեցել վերջին օրերին, ամենաուժեղն էր՝ զինադադարի մասին հայտարարությունից հետո: Այդ մասին Hamshahri-ում գրում է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, Իրանի Եվրասիական հետազոտությունների խորհրդի անդամ, Եվրասիայի, Կովկասի և Ռուսաստանի խնդիրների ուսումնասիրության հարցերով փորձագետ Բահրամ Ամիր Ահմադին:
Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության հետ մեկտեղ նա հարկ է համարում ուշադրություն դարձնել նաև Հարավային Կովկասում տեղական այլ հակամարտությունների վրա, ինչպես օրինակ՝ Հարավային Օսիայում և Աբխազիայում: Նա նշում է, որ իրականում ղարաբաղյան խնդիրը պետք է դիտարկել՝ մտքում պահելով այդ հակամարտությունները:
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ներկա պահի դրությամբ, Ռուսաստանին հաջողվել է Կովկասում երեք կետերով ամուր դիրքեր ձեռք բերել: Դրանցից մեկը Սև ծովի ափի արևելյան մասն է, այսինքն Աբխազիան, իսկ մյուսը՝ Կովկասյան լեռնաշղթայի հարավային ստորոտում, այսինքն Հարավային Օսիան, և երրորդը՝ լեռնային Ղարաբաղը, որտեղ այժմ ներկա է Ռուսաստանի դաշնակիցը՝ Հայաստանը: Ռուսաստանի ներկայությունն այս երեք հատվածներում կարող է ամբողջությամբ չեզոքացնել տարածաշրջանում արևմտյան ազդեցությունը: Եվ այս տեսանկյունից կարելի է պնդել, որ տվյալ պահին Ռուսաստանի շահերից է բխում Ղարաբաղի փաստացի վերահսկողությունը Երևանի կողմից:
Ահմադիի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը ենթադրում է նաև Թուրքիայի և Ռուսաստանի շահերի անուղղակի բախում:
Ուժերի այս հավասարակշռությունում մեծ մասը կախված է Ռուսաստանից: Կովկասը շատ կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի Ռուսաստանի համար, հետևաբար նրա մտահոգությունը տարածաշրջանում տեղի ունեցածով նաև որոշ տեսակի աշխարհաքաղաքական բնույթ է կրում: Եթե Ադրբեջանի քաղաքականությունը գոնե մասամբ շրջվի Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ՝ հակամարտությունում Ռուսաստանը պատրաստ կլինի Ադրբեջանի կողմն անցնել: Եվ ապա հակամարտությունը կկարգավորվի: Ռազմավարական առումով, Ադրբեջանը, իհարկե, ավելի մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան Հայաստանը: Ու հայերը, ինչպես և ադրբեջանցիները համոզված են, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եզրափակում է փորձագետը: