Ռուսաստանը կշարունակի պայմանագրերին համաձայն զենք մատակարարել Ադրբեջանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ապրիլի 7-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նա այս մասին հայտնել է պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է Ռոգոզինը:

 

2015 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ավարտում է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները: «Ռոսօբորոնէքսպորտ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2017 թվականին կավարտի 2010 թվականին կնքված պայմանագրի համաձայն' Ադրբեջանին սպառազինության և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը:

 

ԶԼՄ-ների տվյալներով' խոսքը այդ թվում նաև երեք գումարտակ Տ-90Ս տանկերի և երեք գումարտակ ԲՄՊ-3-ի (մոտ 100 մեքենա), ինչպես նաև ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր հրանետ համակարգերի պայմանագրերի մասին է:

 

Ադրբեջանը ՌԴ-ից տանկերի հետ գնում է ԲՐԷՄ-1Մ զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներ, Տ-90 տանկի բազայի վրա ԻՄՊ-3Մ ինժեներական մեքենաներ, ռեակտիվ համակարգերի սպասարկման ու կառավարման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

 

Փորձագետները նշել էին, որ պայմանագրերի այդ փաթեթի արժեքը կազմել է մինչեւ 1 մլրդ դոլար: Բաց աղբյուրների տվյալներով' 2010 թվականին պայմանագիր էր ստորագրվել Ադրբեջանին նաև ՄԻ-35Մ տեսակի 24 ուղղաթիռներ մատակարարելու մասին:

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ սպառազինության մատակարարման ժամանակ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում բոլոր ռիսկերը:

 

«Սպառազինության ցանկացած մատակարարում, ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մանրակրկիտ հաշվառման անհրաժեշտության պահպանմամբ»,- նշել էր նա: