Ռուսաստանի հայերի միությունը խորը մտահոգություն է հայտնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ կապված, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին: Այդ մասին ասված է sarinfo.org կայքում տարածած հաղորդագրության մեջ:

 

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության և ռազմագերիների դեմ: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ ծավալված ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական հարձակողական տեխնիկայի կիրառմամբ:

 

Մի կողմից ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, և, հատկապես, Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին դադարեցնել կրակը։ Այդ օրերին ռուսական իշխանություններն ուժեղացրել են իրենց միջնորդական ջանքերը՝ մարտական բախումները դադարեցնելու, լայնածավալ պատերազմի բացառման և բանակցային գործընթացի վերականգնման համար, որը դրականորեն է ողջունվել Հայաստանում և ամբողջ աշխարհի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքում:

 

Սակայն, Ռուսաստանի դժկամությունը՝ հրաժարվել զենքի մատակարարումից մի երկրին, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Ռուսաստանում, և, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձավ՝ երկիր, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական և քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

 

Ռուսաստանի դիրքորոշումն առավել ևս անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ:

 

Որպես Թուրքիայի բնական դաշնակից՝ Ադրբեջանն այսօր նմանօրինակ քաղաքականություն է իրականացնում՝ ազգային հերոսների շարքին դասելով սպայի, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, ում հետ նա Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով, կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարները՝ հայ զինվորների կտրված գլուխներով:

 

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս «սիրախաղը» կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

 

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները, այլև դարավոր եղբայրական զգացմունքները, որոնք ստուգվել են ժամանակի և փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին և գործողություններին), այլև իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով:

 

Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. Ռուսաստանը մյուսների, առավել ևս՝ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով միայն կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքին՝ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության հակազդեցության խորհրդանիշ: