Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ է կանգնել ՀՀ սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 4/05 տեղամասային ընտրահանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Ավագյանը քվեարկության ընթացքում նկատել է, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության անունից ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանը բջջային հեռախոսով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը, մոտեցել և վերջինիս ձեռքից խլել է բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից:

 

 

Վերը նշված արարքի համար Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ստորագրություն է վերցվել չհեռանալու մասին:

 

 

Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, հիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

 

 

Շատ հետաքրքիր է, եթե Գոհար Աբրահամյանը արտերկրում ճանաչված, նրա հովանավորությունը կամ աջակցությունը վայելող և Հայաստանում ազդեցիկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության անունից չգործեր տվյալ տեղամասում, այլ լիներ մի շարքային դիտորդ, իրավապահները տեղամասային հանձնաժողովի նախագահի նկատմամբ քրեական գործ կհարուցեի՞ն, թե մի բան էլ դեռ Գոհար Աբրահամյանին կմեղադրեին, որ նա իբր վիճել է տեղամասային հանձնաժողովի նախագահի հետ, խանգարել այդ հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: