Եթե թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը չբացահայտվեր, ապա արտերկրից, ամենայն հավանականությամբ, կբերվեին ու Հայաստանում կիրացվեին կեղծ թղթադրամների նոր խմբաքանակներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի մարտի 24-ին քաղաքացի Հակոբ Մախուլյանը Հունաստանից, ոմն Վովայից, իրացնելու նպատակով, գրքի մեջ պատրաստված թաքստոցի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 հատ 500 եվրո անվանական արժեքով (ընդհանուրը՝ 10 000 եվրո) կեղծ թղթադրամներ: Գիրքն այլ ապրանքների հետ միասին ՀՀ է հասցվել բեռնափոխադրումներ իրականացնող DHL կազմակերպության միջոցով:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Խանեսյանը հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով՝ թղթադրամներն իրացնելու համար, Հ. Մախուլյանից ստացել է 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ և դրանցից 15 հատը 2015թ. մարտի 25-ին, 1 հատը 2015թ. մարտի 27-ին, 1 հատը 2015թ. մարտի 31-ին «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղում իրացնելու եղանակով դրել է շրջանառության մեջ:

 

 

Բացի վերը նշվածից, Գ. Խանեսյանը, համաձայն քր. գործի նյութերի, 2014թ. աշնանը, առանց իրացնելու նպատակի, Արարատ քաղաքի երկաթգծի հարևանությամբ գտնվող տարածքից ձեռք է բերել և ինքն իրեն աճած կանեփ բույսից ապօրինի պատրաստել ու իր գրպանում պահել զգալի չափերի չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2014թ. նոյեմբերի 29-ին անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս տաբատի ետևի գրպանից:

 

 

Վերը նշված արարքների համար Հակոբ Մախուլյանին և Գոռ Խանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի («Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը») 3-րդ մասի 2-րդ կետի, վերջինիս նաև 268-րդ հոդվածի («Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի») 1-ին մասի հատկանիշներով, երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: