«Ռուսական գրքի տանը» Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի երեկո է անցկացվել։ Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։ Նա հայտնել է, որ «Հայաստան-Ռուսաստան» ֆորում է նախաձեռնել։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հուշ-երեկոյի կազմակերպիչը։ Երբ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժը, ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները այդ դժբախտությունն ընդունեցին՝ որպես իրենց սեփականը, և կանգնեցին մեր կողքին։ Այսօր մենք Մոսկվայում հնարավորություն ունենք բոլորին շնորհակալություն հայտնելու։ Ամեն ինչի համար երախտապարտ ենք։
Վերջին տասնամյակի ընթացքում մեր ժողովուրդները բազմիցս նոր դժվարությունների առաջ են կանգնել։ Բայց միշտ արժանապատվորեն այն հաղթահարել են, որովհետև միասնական են եղել։ Եվ այսօր Հայաստանն ու Ռուսաստանը ոչ պակաս դժվարությունների առջև են կանգնած։ Եվ ես հավատում եմ, որ դրանք դարձյալ հնարավոր է հաղթահարել՝ հենվելով մեր իմաստության և ընդհանուր արժեքների վրա։
Ելնելով այս ամենից՝ մենք նախաձեռնել ենք «Հայաստան-Ռուսաստան» հասարակական ֆորում, որը նախատեսվում է՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունները։ Ֆորումը կանցկացվի դեկտեմբերի 15-ին՝ «Պրեզիդենտ» հյուրանոցում։ Օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրում եմ՝ մասնակցելու, որպեսզի քննարկենք մեր առջև ծառացած խնդիրները։
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր դժվարին օրերին Հայաստանի կողքին էին»,-ասել է Մհեր Ավետիսյանը։