Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում հունիսի 9-ին այցելել է Երևանի «Ռուսական գրքի տուն»։ «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, ով հանդիպել է նախարարին և ներկայացրել Երևանում ռուս-հայկական այս հաստատության գործունեությունը, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը, գրում է Dialogorg.ru֊ն։
 
«Նախ, Ռուսաստանի արտգործնախարարի հաջող երկօրյա այցը Հայաստան՝ տարածաշրջանային անվտանգության լայն օրակարգով, ապագայի համար ավելի մեծ վստահություն ներշնչեց հայ բնակչության շրջանում ՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։ 
Հաստատելով մեր ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունը՝ նախարար Լավրովն այցելեց «Ռուսական գրքի տուն», որտեղ ջերմ ու ուրախ մթնոլորտում տևականորեն ծանոթացավ մեր հաստատության գործունեությանը, որն իրականացվել է հաստատության գոյության ընդամենը ինը ամիսների ընթացքում։
 
Կարծում եմ, որ ՌԴ արտգործնախարարի այցը հաստատեց «Ռուսական գրքի տան» կարգավիճակը՝ որպես հաղորդակցության կարևոր կենտրոն ռուս-հայկական մարդասիրական երկխոսության մեջ։
 
Հատկանշական է, որ մեր ժամանակների առաջատար քաղաքական գործիչներից մեկը, որն, իհարկե, Սերգեյ Լավրովն է, մեծ նշանակություն է տալիս մեր ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգությանը։ Իմ ընկալմամբ՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր նախնիների և մեր ընդհանուր պատմության մշակած ամուր արժեքային բազայի վրա։
 
Սա թույլ է տալիս հայ մշակութային և կրթական համայնքին Ռուսաստանի կրթական, մշակութային գերատեսչությունների և հաստատությունների հետ համագործակցության միջոցով ձեռք բերել զարգացման և առկա ներուժի բացման նոր հնարավորություններ: Գաղտնիք չէ, որ նախկինում Հայաստանը հասել է տեխնոլոգիական, մշակութային և կրթական թռիչքի՝ հենց Ռուսաստանի հետ լինելով գիտակրթական ընդհանուր հարթության մեջ։
 
Սերգեյ Վիկտորովիչի բուռն հետաքրքրությունը «Ռուսական գրքի տան» գործունեության նկատմամբ խթան հանդիսացավ ռուս-հայկական մշակութային և կրթական համագործակցության նոր բովանդակալից ծրագրեր մշակելու՝ ուղղված հայ հասարակության լայն շրջանակներին, տարբեր տարիքային և սոցիալական խմբերին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր նախաձեռնությունների կարևորությունը»,֊ասել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը։