ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը։

 

- Պարոն Աղայան, Արցախյան չորսօրյա պատերազմն ի՞նչ ցույց տվեց և ի՞նչ դասեր պետք է քաղեն դրանից քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարությունը։


- Պատերազմը չորսօրյա անվանելով՝ պաշտոնական քարոզչամեքենան բացահայտում է, որ լավ չի հասկանում, որ պատերազմն այսօր էլ է շարունակվում ու երբեք չի դադարել։ 1994-ին մեզ խաբեցին, համոզեցին, որ դադարեցնենք հարձակումը ու տոնենք կիսատ՝ այդքան մոտ, բայց իրականում դեռ չնվաճված հաղթանակը, հնրավորություն տանք Բաքվին վերազինվելու և նախաձեռնությունը խլելու, ինչն արդեն տեղի է ունեցել։ Վստահ եմ, որ այս տարի մենք էլի մի քանի հարձակողական գործողություն ենք դիմագրավելու, հնարավոր է արդեն մեկ ամսից կամ մեկ շաբաթից, ու հնարավոր է դրանք չսահմանափակվեն մի քանի օրով, երկու-երեք ուղղությամբ կամ միայն արդեն կիրառված զենքերով։ Իսկ դասեր քաղելն արդեն բավականին ուշ է։

 

Հիմա պետք է շատ արագ ամեն բան վերադարձնեն ժողովրդին։ Նախ թալանված հարստությունը, որն անմիջապես պետք է վերածվի ժամանակակից սպառազինության։ Զուգահեռաբար պետք է վերադարձվի յուրացված իշխանությունը, քանի որ երկրի ինքնիշխանությունը հանձնած վաշխառուների հրամանատարությամբ պատերազմ հաղթելը շատ դժվար է, հերոսների արյունը կարող է չբավականացնել։ Անհրաժեշտ է նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, գուցե կոլեգիալ, նաև ազգային համաձայնության կառավարություն։ Կոռումպացված օլիգարխիկ համակարգի ակնառու իշխանազրկում։ Այս ամենի հետ միասին գուցե վերադառնա մարդկանց հավատը՝ հաղթանակի և անհրաժեշտ վստահությունը ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ Իսկ դասերը թող քաղեն արդեն նրանք, ովքեր պատերազմի վերջում կամ ընթացքում փոխարինելու կգան իշխող վարչախմբին։ Ու այդ դասերը շատ պարզ են. հնարավոր չէ թալանելով թուլացնել երկիրը, հրաժարվել ինքնիշխանությունից ու պաշտպանություն մուրալ օտարներից, հնարավոր չէ մարդկանց օտարել պետությունից, չհասկանալ, թե նրանք ինչու են փախչում երկրից, ատամներով կառչել իշանությունից, փորձել այն փոխանցել ժառանգությամբ, ու այդքանից հետո ընդհանրապես պետություն ունենալ։

 

- Հայաստանի՝ առանց այն էլ տապալված արտաքին քաղաքականությունն ի՞նչ քայլեր պետք է անի։


- Եթե այդքան համարձակություն ունի, թող հայտարարի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Բայց վախենում եմ, որ այդ դեպքում էլ վազեն Եվրոպայի հետ ասոցացվելու։ Այնպես որ՝ դա թողնենք ապագա ազգային կառավարությանը։ Ուրիշ ոչ մի քայլ էլ չունի անելու, քանի որ Արցախի խնդիրն արտաքին քաղաքականության հարց չէ, այլ զուտ պաշտպանական։ Հատկապես արտգործնախարարությունը ոչինչ չպետք է անի ԼՂՀ անկախության ճանաչման հարցով։ ԼՂՀ անկախությունն ի սկզբանե հորինվել է 1989-ից վերամիավորված Արցախը նորից Հայաստանից անջատելու, պարտության և հաղթանակների պատասխանատվությունից Երևանին ազատելու համար։ Դա, ըստ էության, դավաճանական ծրագիր էր, որին կուրորեն հետևում են առ այսօր։ Դրա փոխարեն սուսուփուս պետք է վերացվեն Արցախը Հայաստանից անջատող բոլոր իրավական ձևակերպումները և Արցախը պետք է դառնա Հայաստանի անբաժան մաս։ Այդ թվում պետք է նույնացվեն ՀՀ արցախցի և մյուս մարզերի քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Աններելի է, որ արցախցիները զրկված են համապետական իշխանության մարմինների ձևավորմանը մասնակցելու իրավունքից։ Աններելի է, երբ միայն Արցախում է զորահավաք հայտարարվում, կարծես դա միայն նրանց կռիվն է։ Մինսկի խմբի ձևաչափով էլ անելիք չկա։ Միջնորդներից խաղաղություն մուրալը, զիջումների շուրջ բանակցելը ոչ միայն ամոթաբեր է, այլև բացարձակ անպտուղ ու շատ վտանգավոր։ Համանախագահների բոլոր առաջարկությունները Հայաստանի համար մերժելի են եղել։ Ադրբեջանն էլ երբեք չի բավարարվել Հայաստանից մի քանի շրջան ուզելով, նա միշտ պահանջել է ամբողջ Արցախը։ Դրան ի պատասխան՝ Հայաստանը պետք է հիշեցներ իր իրավունքները Գարդմանքի և Նախիջևանի նկատմամբ, բայց դա արդեն թողնենք ապագա ազգային կառավարության արտգործնախարարին։

 

- Էդվարդ Նալբանդյանը երկար լռությունից հետո երեկ տված հարցազրույցում, ըստ Ձեզ, ի՞նչ էր ուզում ասել։


- Այդ մարդուն այնքան կարևորություն չեմ տալիս, որ նրա հարցազրույցները կարդամ կամ լսեմ։ Դա նաև շատ վնասակար է հայ մարդու նյարդերի համար, իսկ նյարդեր առաջիկայում դեռ շատ ենք քայքայելու։

 

Քրիստինա Աղալարյան