Երևանի «Էրեբունի» օդանավակայանից այսօր ռազմական մարտական ուղղաթիռների ակտիվություն է նկատվել, ինչպես ապրիլի 2-ին և հաջորդած մի քանի օրերի ընթացքում: Բնականաբար, դա առաջացրել է այդ կողմերում ապրողների և մայրաքաղաքի այլ բնակիչների անհանգստությունը՝ Արցախում էլի պատերա՞զմ է սկսվել…
ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը մեզանից տեղեկանալով վերոնշյալի մասին ու պատասխանելով այս կապակցությամբ մեր հարցին, ասաց. «Ընդհանուր առմամբ, հարաբերական անդորրը պահպանվում է, եղել է հրադադարի խախտման մի քանի դեպք, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է եղել, բայց կանխվել է, հիմնականում հանգիստ է իրավիճակը»:
Դավիթ Բաբայանն Ադրբեջանի կողմից մեծամասշտաբ պատերազմ սկսելու հնարավորության առնչությամբ ասաց, որ մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման համար, որպեսզի հետ շպրտենք թշնամուն, սա է մեր ռազմավարությունը:
«Ինչ վերաբերում է հավանականությանը,- շարունակեց հիշյալ վարչության պետը,- ժամանակը ցույց կտա… Իհարկե, իրենք կրել են մեծ կորուստներ այս պատերազմի ժամանակ, միջազգային հանրությունը ևս դեմ է արտահայտվել պատերազմին, նման զարգացման հավանականությունը փոքր է, բայց երբեք չպետք է բացառել»:
Իսկ եթե Ադրբեջանը, այնուամենայնիվ, գնա մեծամասշտաբ պատերազմ սանձազերծելու քայլին, ապա կա՞ պատկերացում դրա հավանական ժամկետի վերաբերյալ, ասենք, ապրիլի 24-ը կամ ապրիլ՝ Հայոց ցեղասպանության հիմնական գործողության ամիսը, կամ մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը: Ի դեպ, նրանք, ովքեր կանգնած են մեր թշնամիների թիկունքում, խորհրդանիշներին մեծ կարևորություն են տալիս…
«Չի բացառվում, որ նման օրերի, բայց չեմ կարծում, իրենք լավ են հասկանում, որ նման օրերին հատկապես մենք առավել պատրաստ ենք լինում և, ցանկացած դեպքում, ետ ենք շպրտելու»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Պատասխանելով նույն հարցին՝ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ իրենք միշտ համարում են, որ դա (մեծամասշտաբ պատերազմը-հեղ.) ամեն օր էլ հնարավոր է: Սրբազանն ասաց նաև, որ ինքն էլ ապրիլի 24-ի, ապրիլի և մայիսի 9-ի հանգամանքները նկատի ունի, շատ լավ հասկանում է, ղեկավարությունն էլ է տեղյակ, զգույշ են, բոլորն իրենց տեղերում ու դիրքերում են:
Արթուր Հովհաննիսյան