ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել լեհ-հայկական բարեկամությունը և հույս հայտնել, որ այն շարունակական զարգացում կունենա: Սեյմի փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ արդեն սկսվել են Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման աշխատանքները, և արդյունքը շուտով տեսանելի կլինի:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջը ջերմ ընդունելության համար: Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի մասին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը դրա ջատագովն է, և այդ արժեքների պահպանումն ու ամրապնդումն այլընտրանք չունի: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի փոխնախագահը լեհ գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ից սանձազերծված և չորս օր շարունակված ռազմական ագրեսիայի մանրամասները: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաև երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաև պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին:

 

Խոսելով հայ և լեհ ժողովուրդների բարեկամության մասին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են ստեղծում երկու երկրների միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը հատկապես ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացումը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սեյմի փոխնախագահին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ապացուցող բազմաթիվ նյութեր: