ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

 

Պատանիներն ասմունքել են, ինչից հետո կաթողիկոսն իր հայրապետական խոսքն է ուղղել նրանց: Արամ Ա Վեհափառը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու՝ պատմության ընթացքում և ներկայումս ունեցած դերակատարությանը, կարևորել է հայ երիտասարդների դաստիարակությունը:

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ կարևորելով այդ օրհասական պահին սփյուռքի աջակցությունը: Հանդիպման վերջում պատանիներն ու Արամ Ա կաթողիկոսը խրոխտ կերպով միասին երգել են «Հայեր, միացեք» երգը՝ զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետության բնակիչներին: