Ադրբեջանի սանձազերծած մոտ 4-օրյա պատերազմից կամ ռազմական լայնածավալ գործողություններից ի վեր, հայ հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել Ռուսաստանի կողմից մեր թշնամուն զենքի վաճառքի խնդիրը: Ընդ որում, այս հարցը բարձրացնում են ինչպես մեր ժողովրդի ազնիվ, հայրենասեր զավակները, այնպես էլ Հայաստանում ու Սփյուռքում գտնվող ու գործող Արևմուտքի հինգերորդ շարասյան ներկայացուցիչները:

 

 

Վերջիններիս նպատակը ՀՀ իշխանությունների նկատմամբ հասարակական ճնշման ու հենց իշխանությունների միջոցով, իսկ եթե դա չստացվի, նրանց նկատմամբ հասարակության դժգոհությունները զարգացնելով, իշխանափոխության միջոցով, ի վերջո, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալուն հասնելն է: Սա նվազագույն նպատակն է, իսկ առավելագույն նպատակն այստեղ ռուսական ռազմակայանի գտնվելու համար հսկայական վարձ սահմանելու միջոցով, Հայաստանից այդ ռազմակայանի դուրս բերմանը հասնելն է: Թերևս ավելորդ է ասել, որ սա Արևմուտքի նպատակը և երազանքը լինելուց բացի, նաև Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է:

 


Հուսով եմ, որ մեր հասարակությունը, վերջին հաշվով, ողջախոհ կլինի ու ջուր չի լցնի նրանց ջրաղացին, բայց, այնուհանդերձ, տեսնելով, թե ինչպես է ամեն օր և ամեն ժամ շահարկվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը' հասարակության գնալով ավելի մեծ դժգոհությանը հասնելու և այդ հարաճուն դժգոհությունը վտանգավոր հուն մղելու համար, հայրենիքիս ճակատագրով մտահոգ յուրաքանչյուրի նման պարզապես չեմ կարող անտարբեր լինել և ճշմարտությունն ասելու համար քարկոծվելուց վախենալ: Տարբեր հոդվածներով կանդրադառնամ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ այս ընթացքում բարձրացված բոլոր հարցերին անխտիր: Ընդ որում, առաջիկայում նաև այն հարցին, որ վաճառքը կատարվում է ոչ թե հայերիս թշնամի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության' Ռուսաստանի կողմից:

 

 

Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով, ի սկզբանե ընդգծեմ, որ ես նույնպես դեմ եմ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ցանկացած հայ չի կարող դրանից ուրախ կամ դրան կողմ լինել: Մենք պետք է բողոքենք, եթե կարիք կա, բացատրենք մեր դաշնակցին, և հատկապես բանակցենք, որպեսզի հասնենք այդ վաճառքի դադարեցմանը կամ գոնե սահմանափակմանը' զուտ պաշտպանական զինատեսակների, ռազմական տեխնիկայի շրջանակներում, բացառելով հարձակողականների վաճառքը:

 

 

Սակայն եկեք հստակեցնենք' մենք ընդհանրապես Ադրբեջանին զենքի, ռազմական տեխնիկայի վաճառքի՞ն ենք դեմ' նկատի ունենալով, որ մեզ թշնամի այդ պետությունն, ուշ թե շուտ, ամեն մի հնարավորության դեպքում դրանք օգտագործելու է մեր դեմ, թե միայն Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին, որպեսզի այստեղ հակառուսական տրամադրություններ զարգացնենք և այլ պետությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ լռելով, թույլատրելի համարենք այն: Եթե ընդհանրապես Ադրբեջանին զենքի վաճառքին ենք դեմ, ապա ինչո՞ւ ենք լռում այլ պետությունների կողմից մեր թշնամուն զենքի վաճառքի կապակցությամբ, Ադրբեջանը դրանք մեր դեմ չի՞ օգտագործելու: Պարզապես եկեք ազնիվ լինենք, հաշվի առնենք բոլոր փաստերն ու հանգամանքները, և ոչ թե սևեռվենք դրանցից միայն որոշների վրա:
Հիշո՞ւմ եք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ Մեդվեդևի այն հայտարարությունից հետո, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, ապա դա կանեն Թուրքիան և այլ պետություններ: Իսկ ի՞նչ է' հանուն իրենց շահի, ընդ որում, որոշները ոչ միայն տնտեսական, այլև իրենց ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շահերի չե՞ն վաճառի…

 

 

Ոմանք ասացին, թե ստում է ՌԴ վարչապետը, ոմանք ասացին, թե Թուրքիայից և Իսրայելից բացի, այլ պետություններ Ադրբեջանին զենք, ռազմական տեխնիկա չեն վաճառել ու չեն վաճառի, չվաճառելու առումով Միացյալ Նահանգներին և Եվրոպային օրինակ բերեցին, հայտնի թերթերից մեկի հայտնի գլխավոր խմբագիրը նույնիսկ սկսեց վերջինների քաղաքական գովազդով զբաղվել: Ուրիշներն էլ այն միտքը տարփողեցին, թե Ադրբեջանին ոչ մի պետության վաճառած զենք այնքան ավերիչ ուժ չունի, որքան Ռուսաստանի վաճառածը: Իրականում, սակայն, ոչ թե ՌԴ վարչապետի ասածն է սուտ, այլ այդ բոլորը: Այլ խնդիր է, որ ոմանք տեղեկացվածության լուրջ պակաս ունեին և առաջնորդվեցին միայն զգացմունքներով:

 

 

Խոսենք փաստերի լեզվով. Ադրբեջանը 2004-2005թթ. Ուկրաինայից ստացել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, և արդեն 2007թ. դրությամբ ունեցել է դրանց 12 միավոր, որոնցից յուրաքանչյուրի մեկ ամբողջական համազարկը, այսինքն' բոլոր 12 ռեակտիվ արկերի արձակումը նախատեսված է, կախված արկի տեսակից, նվազագույնը մինչև 70, առավելագույնը մինչև 120 կմ հեռավորության վրա շուրջ 67 հեկտար տարածք խոցելու համար: Որևէ մեկը կարո՞ղ է փաստել, որ Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած որևէ զենք սրանից ավելի մեծ ավերիչ ուժ ունի: Իհարկե՛ ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ է բողոքի ալիք բարձրացվում միայն Ռուսաստանի դեմ, ինչո՞ւ են ձու կամ ձվեր շպրտում Հայաստանում միայն Ռուսաստանի դեսպանատան վրա, ի՞նչ է' Ուկրաինայի դեսպանատան տեղը չգիտեի՞ն… Թե՞ որևէ մեկը կարող է ասել, ապացուցել, որ ապրիլի 3-ին և 4-ին Արցախի վրա կրակում էին ոչ թե Ուկրաինայից, այլ հենց Ռուսաստանից ստացած «Սմերչից»:

 

 

Այս ամենից հետո՞ էլ հասկանալի չէ ոմանց հստակ և որոշակի, միաժամանակ Հայաստանի համար վտանգավոր ու ստոր միտումը: Բա թող գնային Ուկրաինայի և Ադրբեջանին զենք վաճառած մյուս դեսպանատների վրա էլ ձվեր շպրտեին, որ բոլորին, այդ թվում նաև Ռուսաստանին հասկանալի լիներ, որ բողոքում ենք մեր թշնամուն ընդհանրապես ցանկացած պետության կողմից զենքի վաճառքի դեմ: Բայց բողոքի այդ միջոցառման կազմակերպիչները կամ ուղղորդողներն այդպես չեն վարվել, որովհետև նրանց նպատակը ոչ թե Ադրբեջանին ընդհանրապես զենքի վաճառքի դեմ բողոքելն է եղել, այլ մեր ռազմավարական դաշնակցի ու մեր հարաբերությունները փչացնելը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, հե՛նց Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը եթե ոչ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, ապա օգնությամբ, իմ և այլոց համոզմամբ, պատրաստվում է ՀՀ-ի և Արցախի դեմ մեծ պատերազմի:

 

 

Ովքեր տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ ըստ քաղաքագետ Կարինե Գևորգյանի (http://www.verelq.am/ru/node/7378), ռազմական հետախուզության և հայկական կողմի ԱԹՍ-ների փոխանցած տեղեկությունների համաձայն, ապրիլի առաջին տասնօրյակի դրությամբ «Իսլամական պետության» նվազագույնը 1000 մարտիկներ արդեն Նախիջևանում են (հիմա կարող են շատ ավելին լինել), ավելին' Թուրքիան զորքի և զենքի բավական լուրջ քանակություն է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանին: Ադրբեջանը նույնպես հարձակողական սպառազինություն է կենտրոնացրել հարավային ուղղությունում, այսպես կոչված, Մեղրիի միջանցքի կողմում: Բավական է մի հայացք ձգել քարտեզի վրա' տեսնելու համար, որ Մեղրիի միջանցքը գրավելու պարագայում, ինչին պատրաստվում են և՛ Նախիջևանի, և՛ Ադրբեջանի կողմից, Թուրքիան Նախիջևանի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային կապի հնարավորություն է ստանում, ինչը նրան անհրաժեշտ է պատերազմի դեպքում կրտսեր եղբորն օգնության հասնելու դեպքում: Ադրբեջանին էլ դա անհրաժեշտ է այդ օգնությունը ստանալու, ինչպես նաև Թուրքմենիայի և իր գազն ավելի էժան ճանապարհով Եվրոպա հասցնելու համար:

 

 

Այո, հետագայում, մեր թշնամուն Ուկրաինայի կողմից «Սմերչի» վաճառքից հետո, Ադրբեջանին նշված զինատեսակից վաճառել է նաև Ռուսաստանը, ըստ տարբեր տեղեկությունների, մատակարարումը սկսվել է 2012 կամ 2013 թվականից:

 

 

Ի գիտություն անտեղյակների, Ռուսաստանից բացի, Ադրբեջանին զենք և ռազմական տեխնիկա վաճառել են նաև առնվազն տասնմեկ պետություն' Իսրայելը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Սլովակիան, Բոսնիան, Բուլղարիան, Ֆրանսիան էլ ցանկացել է վաճառել: Ընդ որում, նրանցից որոշների կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի և ռազմական տեխնիկայի մի մասը եղել է գերժամանակակից: Բա այդ պետությունների դեմ էլ բողոքենք, ինչո՞ւ չենք բողոքում… Թե որ երկիրը երբ, ինչ քանակության, ինչ գումարի և ինչ զենք ու ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին, կներկայացնեմ առաջիկա հրապարակմամբ, իհարկե, համապատասխան տեղեկատվական աղբյուրների հղմամբ:

 

 

Արթուր Հովհաննիսյան