ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և կոչ է արել դատապարտել այդ երկրի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված պատերազմական հանցագործությունները:

 

«Բրյուսելի ահաբեկչական հարձակումները և Ղարաբաղյան հակամարտության վերջին սրումը մեզ բոլորիս սթափվելու ուժեղ և պարզ ուղերձ են հղել: Մարդիկ վտանգի մեջ են, և նրանց կյանքին վտանգ է սպառնում ամենաբարբարոսական ձևով, ինչը թարմացնում է անցյալի մեր հիշողությունները: Մենք պետք է ապացուցենք, որ քաղաքական ինստիտուտները, խորհրդարանները դեռ բավականաչափ ուժ ունեն այս աննախադեպ մարտահրավերներին արձագանքելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ փոխզիջում չկա, երբ հարցը վերաբերում է ամենահիմնարար արժեքին՝ ապրելու իրավունքին»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:

 

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերն օրերս լայնամասշտաբ ագրեսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և նշել է, որ արդեն նոր տերմին է ստեղծվել՝ «քառօրյա պատերազմ»։

 

«Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են մահաբեր հարձակողական զենքեր, որոնք ձեռք են բերվել վերջին 20 տարիներին՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումով»,- ասել է Սամվել Ֆարմանյանը:

 

Պատգամավորը նշել է, որ ուժի կիրառումը հակասում է միջազգային օրենքին և հավելել է, որ Ադրբեջանի բանակի թիրախում են եղել նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությունը: Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է 12-ամյա երեխայի սպանությանը, ինչպես նաև դպրոցի բակում վիրավորված երկու երեխաներին, դաժանորեն սպանված և խեղված տարեց զույգին և 92-ամյա Մառուսյա Խալափյանին...Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի երեք զինծառայող գլխատվել է ադրբեջանական զորքերի կողմից՝ «ԻՊ-ի ոճով»։ Պատգամավորը հիշեցրել է, որ համացանցում բազմաթիվ լուսանկարներ վկայում են որպես «ավար» Քյարամ Սլոյանի գլխով լուսանկարվող ադրբեջանցի զինվորների դաժան վերաբերմունքի մասին և նշել է, որ այնուհետ այն ցույց է տրվել բնակչությանը՝ հայերի դեմ ատելությունն ու ագրեսիան խրախուսելով:

 

Պաշտոնական Բաքուն ոչ մի գործողություն չի իրականացրել մեղավորին պատժելու համար և դրանով ևս մեկ անգամ խախտել է բազմաթիվ միջազգային պայմանագրեր, նշել է պատգամավորը՝ անդրադառնալով նաև ղարաբաղյան կողմին հանձնված 18 զինվորների խոշտանգված մարմիններին։

 

Սամվել Ֆարմանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները և այն անձինք, ովքեր պատերազմական հանցագործություններ են իրականացրել, պետք է պատասխան տան միջազգային օրենքը խախտելու և պատերազմական հանցագործությունների համար:

 

Պատգամավորը կոչ է արել ԵԽԽՎ-ին հստակ դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած դաժանությունները և ստիպել Ադրբեջանի իշխանություններին ապահովել իրականացված հանցագործությունների հետաքննություն։ Սամվել Ֆարմանյանը կոչ է արել նաև միջազգային հանրությանը համապատասխան քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային օրենքների և միջազգային մարդասիրական օրենքի հետագա խախտումները։