Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծի ողջ երկայնքով Ադրբեջանը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների»: