Եթե իշխանությունները փորձեն գնալ զիջումների, ես համոզված եմ՝ վաղը նրանք կհայտնվեն փողոցում, մյուս օրը՝ բանտերում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Սարինշենի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը։
«Ցանկացած որոշում պետք է լինի բնական։ Ադրբեջանը պատերազմ սկսեց, խախտեց ԼՂՀ Սահմանադրությունը, քաղաքացուն ռեալ վտանգ սպառնաց, սպանվեց երեխա, տանը խոշտանգվեցին ծերեր, հրետակոծության ենթարկվեցին բնակավայրեր։ Եվ բնականոն ձևով դրան համարժեք ոտքի է կանգնեց ամբողջ հայ ժողովուրդը, արյուն թափեց և կանխեց թշնամու ագրեսիան։ Ուստի, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի պետություն, գերտերություն, նույնիսկ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով չեն կարող պարտադրել մեր ժողովրդին ինչ-որ զիջումների գնալ։ Իսկ եթե իշխանությունները փորձեն գնալ զիջումների, ես համոզված եմ՝ վաղը նրանք կհայտնվեն փողոցում, մյուս օրը՝ բանտերում»,- իր տեսակետը հստակ ներկայացրեց Բադասյանը։
Վերջինս նշեց, որ իրեն չի հետաքրքրում՝ իշխանությունները դա գիտակցում են, թե ոչ. «Ռուսաստանը ցանկացած պլան կարող է ունենալ։ Ես չեմ մեղադրում Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանի պլանները իրականացնելուն հետամուտ է լինում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը, որը հակասում է մեր ազգային շահերին։ Ես բազմիցս ասել եմ՝ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի վերջապես նախագահ դառնալու։ Եթե ինքը չկարողանա, ապա դուրս կմնա այս գործընթացից»։
Հավելենք, որ այսօր նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, որի ժամանակ հանդիպումներ կլինեն Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր։
Ք. Աղալարյան