Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն:

Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ և կարող է բարձրացնել մինչև մոտ 25 կգ ծանրություն: Ռոբոտը նախագծվել և կառուցվել է արդյունաբերական միջավայրում մարդկանց կողքին աշխատելու համար և կարծես թե Tesla-ի Optimus-ի մի փոքր ավելի «ընկերասեր» տարբերակ լինի:

Mercedes-ը և Apptronik-ը դեռ ուսումնասիրում են արտադրությունում (այս դեպքում՝ մեքենաների արտադրությունում) ռոբոտների հնարավոր օգտագործումը: Հավանաբար, մարդանման ռոբոտները կօգտագործվեն մասերը վաղ փուլում առաքելու և ստուգելու համար: Financial Times-ը հայտնում է, որ նման ռոբոտներն արդեն փորձարկվում են Հունգարիայում գտնվող ավտոարտադրողի գործարանում, որտեղ աշխատուժի պակաս կա, քանի որ շատ աշխատողներ ներգաղթում են Արևմտյան Եվրոպա։

 

«Սա նոր ճակատ է, և մենք ցանկանում ենք հասկանալ ինչպես ռոբոտաշինության, այնպես էլ մեքենաշինության ներուժը՝ լրացնելու աշխատուժի բացերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցածր որակավորում ունեցող, կրկնվող և ֆիզիկական ուժ պահանջող աշխատանքը, և բարձր հմտություններ ունեցող մեր թիմի անդամներին ազատելու հոսքագծի վրա աշխատանքից, որպեսզի նրանք կարողանան ստեղծել աշխարհի ամենապահանջված ավտոմեքենաները»,- ասել է Յորգ Բյուրցերը, որը վերահսկում է Mercedes-ի արտադրական գործընթացները:

Նշենք, որ Mercedes-ն առաջին ավտոարտադրողը չէ, որն իր գործարաններում օգտագործում է մարդանման ռոբոտներ։ Այս տարվա սկզբին BMW-ն հայտարարեց կալիֆոռնիական Figure ընկերության հետ համագործակցության մասին, որը նույնպես նախատեսում է փորձարկել ռոբոտների արդյունավետությունը: Figure-ի արտադրած 01 robot-ը ներկայումս օգտագործվում է BMW-ի ամերիկյան գործարաններում, որոնք գտնվում են Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբուրգ քաղաքում: Ինչպես Mercedes-ի և Apptronik-ի դեպքում, BMW-ն և Figure-ը դեռ փորձում են գտնել արտադրության մեջ ռոբոտներին օգտագործելու լավագույն միջոցը: Նրանց խոսքով՝ իրենք մտադիր են ռոբոտներն օգտագործել արտադրության «բարդ, վտանգավոր կամ հոգնեցուցիչ» առաջադրանքներն ավտոմատացնելու համար: