Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:

 

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: