Վերջին օրերին Սոֆիայում տեղի ունեցավ դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողով, որտեղ կրքերը բավականին թեժ են եղել, չէ՞ որ այնտեղ էր ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Առհասարակ, ուսանողների համար նախատեսված սեմինարներից մինչև մասնագիտական խմբերի կոնֆերանսներ Ադրբեջանի պատվիրակությունն «օկուպացված» տարածքների, Հայաստանի «ագրեսոր» լինելու մասին միանման, այսպես ասած՝ «զուբրիտ արած» տեքստերը պատրաստած գալիս և հայտարարություններ են անում: Դե իսկ հայկական կողմի ներկայացուցիչները ևս ձեռքները ծալած չեն նստում՝ ուժեղ կամ թույլ պատասխան են տալիս:
Նման միջադեպ է տեղի ունեցել նաև վերը նշված համաժողովի ընթացքում, որտեղ Ադրբեջանի արդարադատության նախարարը ելույթ է ունեցել և հայտարարել, որ իրենց դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մասշտաբային ռազմական գործողությունները:
Դե իսկ Արփինե Հովհաննիսյանը ևս ելույթ է ունեցել և առաջ բերել մեր տեսակետը. «Ադրբեջանն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նախաձեռնել է աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Նրանք սպանել են, նրանք խոշտանգել են, նրանք գլխատել են, այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք գլխատել են «Իսլամական պետությանը» բնորոշ եղանակով»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի և նրա շուրջ գտնվող օղակների՝ այս «պայթյունավտանգ» ելույթից հետո տիկին նախարարից Ադրբեջանի պատվիրակությունն սկսել է վախենալ, անգամ Հովհանիսյանին տեսնելիս ադրբեջանցիները խառնվել են իրար, արագ մոտեցել քարտուղարությանն ու նախապես ամրագրած ձայնի իրավունքը հետ վերցրել:
Նախ՝ շատ հետաքրքիր է, եթե ելույթ են նախատեսել, այդ ի՞նչ պետք է աներ ելույթ ունեցողի հետ Արփինե Հովհաննիսյանը, որ ադրբեջանական կողմն այդքան վախեցել է, կարո՞ղ է հետն Իսկանդեր M էր նախարարը տարել:
Երկրորդ՝ մի տեսակ անլուրջ է խնդրին նմանատիպ մոտեցումը, ուսանողին հարիր ելույթով հանդես եկած Արդարադատության նախարարը մեծ էնտուզիազմով իր խոսքը տարածում է հայկական լրատվական դաշտում՝ կարծես թե փորձելով դիվիդենտներ հավաքել:
Իբր տեսեք, տեսեք՝ Հայաստանից դուրս իմ ելույթներն այնքան ուժեղ են, այնքան տեղին, որ կարելի է համեմատել մասսայական ոչնչացման զենքի հետ ու այդ հուզական ու կցկտուր երկու խոսքով Հայաստանի Արդարադատության նախարարը ցանկացել է տեղում կարծիք ձևավորել:
Դե իսկ հաջողվե՞լ է նրան դա անել, թե՞ ոչ, ներկաները միայն կարող են փաստել:
Ն.Ա.