Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հարցով զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Այդ մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ինքը՝ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վարդգես Գասպարին փետրվարի 24-ին բողոքել է խցակիցներից, հացադուլ ու ջրադուլ հայտարարել:

 

«Փետրվարի 25-ին Արդարադատության նախարարի հանձնարարությամբ նրան այցելել են նախարարության ներկայացուցիչներ: Վարդգես Գասպարին հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից որևէ բողոք չունի: Նրա բողոքը եղել է խցակիցներից, ովքեր իրեն ճնշումների են ենթարկել: Նրա խուցն անմիջապես փոխել են, նա դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը»,- նշեց Բաղդասարյանը:

 

Նա հավելեց, որ Վարդգես Գասպարիին ճնշումների ենթարկելու հարցով նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել են դատախազություն: Նա, նրա իրավապաշտպանները հաղորդում են տվել հանցագործության մասին: Նյութերն արդեն նախապատրաստվել են և ուղարկվել են դատախազություն»,- հայտարարեց Բաղդասարյանը: