Քաղաքացի Վանիկ Մկրտչյանը հավանաբար այն կարծիքին չի եղել, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն աղքատ կամ ֆինանսական սուղ հնարավորություններ ունեցող ընկերություններից է, կամ էլ, կյանքի հանգամանքների բերումով, շա՜տ մեծ կարիքն է ունեցել այն գումարի, որը, ըստ մեղադրական եզրակացության տարել է:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մկրտչյանը հանդիսանալով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ գանձապահ, իրականացնելով ընկերության դրամարկղի դրամական միջոցների պահպանումը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված և Բագրատունյաց փողոցի թիվ 44 հասցեում տեղակայված ընկերության կենտրոնական դրամարկղ մուտքագրված գումարներից 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 2015թ. մայիսի 15-ը ժամանակահատվածում շարունակաբար, մաս-մաս 27 114 982 դրամը հիշյալ ընկերության գույքային ֆոնդից դուրս բերելով, օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, Վ. Մկրտչյանն այդ կերպ կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացում, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: