Արարատի մարզում 2017 թվականին գրանցվել է պետության և հանրային գույքի հափշտակության 13 դեպք, որոնցից 8-ը յուրացման դեպքերն են: Այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:
«Խոսքը վերաբերում է մի քանի դպրոցների տնօրենների և մանկապարտեզի տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքերին: Մի դեպքով դպրոցի տնօրենը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին վարձատրել է դպրոց չհաճախելու պարագայում, ընդ որում` հարցումների միջոցով պարզվել է, որ մանկավարժները երկրում չեն գտնվել: Մեկ այլ դեպքով` դպրոցի տնօրենը ազգականներին ուղղակի գրանցել է աշխատանքի. նրանք ամիսներ շարունակ աշխատավարձ են ստացել: Երկու դեպքով պետությանը վնաս է հասցվել` մոտ 8 միլիոն 646 հազար դրամի չափով: Այս գործերը գտնվում են դատարանում»,- նշեց Հովհանիսյանը:
Ինչ վերաբերվում է մանկապարտեզի տնօրենի կողմից կատարված յուրացմանը, դատախազը նշեց, որ ձմեռային ամիսներին մակապարտեզների չաշխատելու պարագայում ի հայտ էին եկել աշտանքային հավելավճարներ, իսկ աշխատողները հերքում էին, որ իրենք հավելավճար ստացել են:
«Այս գործը նախաքննության փուլում է և նշանակվել են դատահաշվապահական ձեռագրաբանական փորձաքննություններ»,- ասաց Հովհաննիսյանը: