Օրերս, պարզվում է, ՀՀ Կառավարության շենքի առջև էին հավաքվել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները' պահանջելու իրենց' 2015-ին մթերած խաղողի դիմաց չվճարված գումարները։Ինչպես ցուցարար գյուղացիներն էին վկայում, Քաղցրաշենի գինու գործարանը շարունակ խաբում է իրենց' ասելով, թե այսօր-վաղը կտան գումարը։ Ի դեպ, եթե չգիտեք, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ սույն գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին' ժողովրդի շրջանում հայտնի որպես Յուվեցի Կարո: Ասում են' դժգոհող քաղցրաշենցիներին ընդունել է անձամբ Հովիկ Աբրահամյանը' վստահեցնելով նրանց որքան հնարավոր է արագ լուծում տալ խնդրին. վարչապետի հանձնարարությամբ գինու գործարանը 100 մլն դրամը վճարելու է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մնացած գումարը' մինչև մայիսի 10-ը։
Այն, որ մեր երկրում գյուղատնտեսության զարգացման համար ամեն բան չէ, որ իդեալական է, հայտնի է բոլորին: Սկսած ոռոգման ջրից մինչև մշակած բերքի իրացում' չորսբոլորը պրոբլեմներ են, անլուծելի թվացող խնդիրներ: Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ էլ գյուղացիների մի խումբ քաղաքի մայրուղիներից մեկն էր փակել' գործարաններից կրկին պահանջելով սեփական փողերը, որոնք, մթերելով գյուղացիների ստացած բերքը, փաստացի հրաժարվում էին սեփական ֆինանսական պարտավորություններից: Նմանատիպ երևույթները, ցավոք, եզակի չեն մեր իրականության մեջ: Ավա՜ղ, որքան էլ դժվար լինի խոստովանելը, պետք է ասենք, որ գյուղացիներին իրենց հասանելիքը չվճարելու դեպքերը հաճախ պայմանավորված են լինում ոչ այնքան օբյեկտիվ դրդապատճառներով, որքան' սուբյեկտիվ: Միայն Կարո Կարապետյանի անվան հետ կապվող սկանդալային պատմությունները բավարար են, որպեսզի բոլորի համար պարզ դառնա' ոչ միշտ է պատահում այնպես, որ խաղող մթերողների կողմից բերված պատճառաբանությունները լինում են իրական. անցյալ տարի ևս Կարապետյանը խաղողի մթերման ժամանակ օրերով արևի տակ էր թողել գյուղացիների բերած բերքը, ապա հայտարարել, թե խաղողը թթված է։ Հետո էլ համառողների խաղողը ընդունել էր ընդամենը 40 դրամով, երբ մյուս մթերման կետերը ընդունում էին 120 դրամով։Հիմա ուզում ենք հասկանալ' ոմանք հաճո՞ւյք են ստանում մարդկանց կյանքը փչացնելով: Եթե ի վիճակի չեք ժամանակին ու ամբողջությամբ վճարել մարդկանց հասանելիք գումարները, ինչո՞ւ եք աշխարհով մեկ գործարարի ու անգամ օլիգարխի անուն հանում…
Համաձայնե՛ք' այնուամենայնիվ, մի փոքր դժվար է հավատալ այն բանին, որ այս կամ այն գործարարը, ինչպիսին, օրինակ, նույն Կարապետյանն է, մեր իրականության մեջ կարող է այնպիսի դժվարագույն ֆինանսական կացության մեջ հայտնվել, որ անգամ մեծ ցանկության դեպքում էլ տարիներով չկարողանա գումար վճարել ժողովրդին: Այստեղ խնդիրն այլ տեղ է թաքնված' բարի կամքի, մի բան, որից ցավոք, մեր երկրում կախված է գրեթե ամեն բան. ազգովի հանձնվել ենք ոմանց բարի կամքին. արդյուքն էլ սա պետք է լինի, ուրիշ էլ ի՞նչ կարելի է ակնկալել նման պարագայում…
Դավիթ Բաբանով